Արցախը 156 օր է շրջափակման մեջ է։
Հաշվի առնելով, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ՝ հայտնում ենք, որ լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել:
Մայիսի 16-ին ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։
Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։
Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։
Արդեն 156 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։
Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:
Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»: