Այսօր Զատկի չորրորդ կիրակին է այսօր, որ կոչվում է Կարմիր: Այս մասին հայտնում է qahana.am-ը:
Ինչո՞ւ Կարմիր կիրակի
Կարմիրը Քրիստոսի Եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած սուրբ նահատակների արյան խորհրդանիշն է: Հենց այդ խորհրդով էլ այս կիրակին ստացել է իր անվանումը։ Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: Սաղմոսերգուն ասում է․ «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15):
Քրիստոնյայի պատասխանը՝ կյանքով
Այսօր՝ մեր ապրած ժամանակներում, բնավ չի զգացվում նահատակության կարիքը։ Սրբերը, ովքեր հոժարությամբ էին ընդունում նահատակության պսակը, չունեին այլ տարբերակ, և իրենց մահով, մարտիրոսությամբ էր, որ ապրեցնում էին Քրիստոսին՝ Փրկչին։
Մեր օրերում, երբ մեր սուրբ նահատակների արյան գնով այլևս անհրաժեշտություն չկա նահատակության, կյանքն է պատասխանը ամեն տեսակ փորձության։ Իսկապես, արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ ընդդեմ մեղքի ու չարիքի: Պողոս առաքյալը իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում է. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):
Այսօր մեր պատասխանը ամեն տեսակ փորձություններին, կյանքն է։ Ապրելով է, որ ապրեցնելու ենք Քրիստոսին, մեր գործով է, որ ապացուցելու ենք մեր հավատքի իրական լինելը։ Ուստի՝ աղոթենք, որ կարողանանք ամեն իրավիճակում ճիշտ գործել՝ որպես քրիստոնյաներ։ Չէ՞ որ առաքյալն ասում է․ «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:3-4)։