Նախաքննական մարմինը չի ապահովում Արտակ Գալստյանի և Արման Մկրտումյանի պաշտպանությունը ստանձնել ցանկացող փաստաբանների ներգրավումը վարույթին․ ՓՊ

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ՀՀ փաստաբանների պալատին տեղեկացրել է, որ դիմել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով երկու անձանց՝ Արտակ Գալստյանի և Արման Մկրտումյանի պաշտպանությունը ստանձնելու համար, սակայն նախաքննական մարմինը չի ապահովում իր և փաստաբան Թադևոս Ալեքսանյանի ներգրավումը վարույթին:

Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

«Ընդ որում, ըստ փաստաբանի ներկայացրած տվյալների, քրեական վարույթին որպես մեղադրյալ ներգրավված նշված անձինք ազատությունից զրկված են, նրանցից մեկը չունի վարույթին մասնակից պաշտպան և զրկված է պաշտպանության իրավունքից ընդհանրապես:

Այս մասին տեղեկությունները տարածվել են նաև տեղեկատվության հանրային աղբյուրներում:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրատապ կարգով քննարկել է ներկայացրած հաղորդումը փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում:

Այդ կապակցությամբ Հանձնաժողովը`

– իր մտահոգությունն է հայտնում փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ շարունակվող հաղորդումների առնչությամբ, հիշեցնելով, որ այդպիսի գործելակերպն ուղղակիորեն վտանգում է անձանց սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները և ազատությունները,

– Իրավասու մարմիններին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին, հիշեցնելով, որ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել