Արցախը 132 օր է շրջափակման մեջ է

Արցախը 132 օր է շրջափակման մեջ է։

Ապրիլի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ միանում է պետնախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը․ «Միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ հայտարարությամբ․

«Պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին: Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները գնալով նվազում են` խորացնելով էներգետիկ ճգնաժամը

Երեկ՝ ապրիլի 20-ին, Արցախի բնակչությունն ավելի քան 7 ժամով ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի հարուցած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 132 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել