Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը վերանվանվել է

Երևան քաղաքի ավագանու ապրիլի 18-ի որոշմամբ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը վերանվանվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ:

Հավելենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2019 թվականից զբաղվում է մայրաքաղաքում թափառող շների գլխաքանակի կանոնակարգման համալիր ծրագրով։ Իրականացվող ծրագրի շրջանակներում կատարվում է թափառող շների բռնում, նախնական զննում, հետազոտություն վտանգավոր վարակիչ հիվանդությունների ախտորոշիչ թեստերով, հիվանդ կենդանիների քնեցում և դիերի այրում, առողջ կենդանիների ստերջացում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ, հաշվառում և համարակալում, ինչպես նաև մայրաքաղաքում անկած կենդանիների դիերի հավաքում և այրում։

2022 թվականից կազմակերպությունում գործարկվել է նաև ժամանակավոր կացարան, որտեղ կենդանիները պահվում են անհրաժեշտ բոլոր պայմաններով և հանձնվում խնամակալության։ Մայրաքաղաքում թափառող շների խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակներում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել կացարաններ/խնամքի կենտրոններ, որտեղ անհրաժեշտ բոլոր պայմաններով կապահովվեն արդեն ստերջացված և պատվաստված թափառող շները։

Ելնելով վերոգրյալից առաջարկվել է փոխել կազմակերպության անվանումը՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելով «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։

Փոփոխվել է նաև Կազմակերպության կանոնադրությունը, Կազմակերպության գործունեության նպատակների մեջ ավելացնելով կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների և վերջիններիս խնամքի մոնիթորինգի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել