Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար․ այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։





