Ապրիլի 23-ին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ կկայանա երիտասարդ նկարչուհի Սուսաննա Գալստյանի անհատական ցուցահանդեսը, այն կրում է «1915» խորագիրը։
«Փյունիկ» զարգացման կենտրոնի տնօրեն Սոֆյա Մկրտչյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, թե ինչու են ընտրել հենց Սուսաննային և նրա աշխատանքները։
«Վաղուց էի նկատել նրան, իր գործերն ինձ շատ էր հետաքրքրել։ Հասկացանք, որ հենց իր աշխատանքներն ենք ուզում ցուցադրել»,-նշեց նա։
Սոֆյա Մկրտչյանը նշում է, որ իրենք արվեստագետի առաջ դուռ են բացում, որպեսզի կարողանա ներկայացնել իր աշխատանքները։
«Փյունիկ» զարգացման կենտրոնի նպատակն է աջակցել արվեսագետներին և արվեսասեր մարդկանց։
Սուսաննա Գալստյանը նկարում է ցեղասպանության թեմայով։ Նա սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այժմ սովորում է Գեղարվեստի ակադեմիայում՝ արվեստաբանություն։
2016 թվականին Սուսաննան հիմնադրել է «Էնդեմիկ» արվեստի կենտրոնը։
Iravaban.net-ի հետ զրույցում նա նշեց, որ ցուցահանդեսի ամենամեծ ասելիքն այն է, որ ստեղծագործելն ու արարելը եղածի հետ չհաշտվելն ու նոր խոսք ասելն է։
«Փորձել եմ նոր ձևով մարդկանց հասցնել, որ մեր սրտի ցավը տարիների խորություն ունի։ Վերջին շրջանում ստեղծագործում եմ նաև պատերազմի թեմայով։ Ճիշտ է դրանք տրավմատիկ թեմաներ են, բայց արվեստն էլ միջոց է դրանց մասին խոսելու։ Սրանք այնպիսի թեմաներ են, որ սպիները միշտ մնում են»,-ասաց Սուսաննան։
Ցուցահանդեսին ներկայացված կլինի մոտ 40 աշխատանք՝ գրաֆիկական և գեղանկարչական։ Այն տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 17։00-ին, Բուզանդ 3 հասցեում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը, ժամը 12։00-ից 20։00-ն։