Բյուրեղավան քաղաքի քաղաքապետի նախկին խորհրդական Արթուր Ղալայանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի` Արթուր Ղալայանը, իմանալով, որ Հերմինե Պետունցը 2006թ մինչև 2008թ ընկած ժամանակահատվածում իր ընտանիքի հետ միասին բնակվել է Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի 14 սենյակում, 12.04.2010թ նույն հանրակացարանի լիազոր ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանին խնդրել է իրեն տրամադրել իրավունք վերապահող կեղծ հավաստագիր, ըստ որի` Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի 14 սենյակում 2006 թ ոչ ոք չի բնակվում, որից հետո 16.04.2010թ առանց անձնագրային բաժանմունք հարցում կատարելու, իրավունք վերապահող կեղծ զեկուցագիր է կազմել այն մասին, որ Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի 14 սենյակում հաշվառված անձինք չկան և դա Ա. Հայրապետյանի կողմից տրված հավաստագրի հետ միասին ներկայացրել է Բյուրեղավան քաղաքի քաղաքապետ Հակոբ Բալասյանին:
Դրա արդյունքում Բյուրեղավան քաղաքի բնակչուհի Բավական Հարոյանին ժամանակավոր կացարանով ապահովելու հարցը 2010թ սեպտեմբերի 14-ին ներկայացվել է ավագանու նիստին, որի որոշմամբ Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի 14 սենյակը ժամանակավորապես բնակվելու նպատակով հատկացվել է Բ. Հարոյանին և նրա ընտանիքի անդամներին, ինչի արդյունքում նույն սենյակի վրա դեռևս 2005թ հաշվառված Հերմինե Երվանդի Պետունցը և նրա անչափահաս երեխաները զրկվել են բնակվելու համար իրենց հատկացված բնակելի տարածության իրավունքից:
Արթուր Ղալայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: