Համագյուղացիների վեճն ու դանակահարությունը մայրաքաղաքում․ ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 9-ին, ժամը 22.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր հաղորդում, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 28-ամյա մի բնակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնել են օպերատիվ խումբ, Երևանի վարչության ու Մաշտոցի բաժնի ղեկավարներ: Ըստ բժիշկների` տուժած երիտասարդն ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևանի վարչության քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ 28-ամյա երիտասարդին վնասվածքներ պատճառողը 47-ամյա համագյուղացին է: Նրան հայտնաբերելու հարցը, սակայն, նույն օրը լուծել չհաջողվեց: Իսկ արդեն հաջորդ օրը, Մաշտոցի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, 47-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և խոստովանեց, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում վարձակալած տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել 28-ամյա համագյուղացուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել