Մեծ հավանականությամբ՝ ՔՊ-ն իր առաջադրած թեկնածուին չի ընտրի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։
«Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով իշխանության ղեկին հայտնված հանցավոր ռեժիմը հետևողականորեն ոչ միայն խախտում է հայերի իրավունքները, այլ զրկում հազարավոր մարդկանց իրենց կյանքի իրավունքից, սեփականությունից, սեփական երկրում ապրելու հնարավորությունից։ Եվրոպական արժեհամակարգին համահունչ ժամանակակից հանրային կյանքի ժողովրդավարական այդ ինստիտուտը շատ խորթ է միջնադարյան հետամնաց բռնապետության ոգով առաջնորդվող, քաղաքացու տոնը փողոցում տաքացրած միս ուտող, սակայն նույն փողոցում քաղաքացու վրա թքող, քաղաքացիներին ծաղրող, հայհոյող ու սպառնացող փողոցային խուլիգանների համար։
Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը, հարձակում սկսեցին իր պարտականությունները նվիրումով և բարեխղճորեն կատարող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վրա` փորձելով արգելքներ ստեղծել նրա առջև, կրճատել ֆինանսավորումը և այլն։
Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, նրանք այդ պաշտոնում առաջադրեցին և, առանց ընդդիմադիր ուժերի մասնակցության, ընտրեցին մինչ այդ կառավարությունում քաղաքական պաշտոն զբաղեցրած, հանրային ճանաչում ու հեղինակություն չունեցող մի կնոջ, ով մեկ տարի անց հրաժարվեց կատարել իր պարտականությունները և անհասկանալի պատճառով հրաժարական ներկայացրեց։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո խախտվեցին այդ պաշտոնում թեկնածուների առաջադրման և ընտրության օրենքով սահմանված ժամկետները, որից հետո, միայն ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի համար իրավական արգելքներ ստեղծելու նպատակով, իշխող խմբակցության կողմից առաջադրվեց Սահմանադրության և օրենքի պահանջների չհամապատասխանող թեկնածու` չորս ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված մի մարդու։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տապալելու և խուլիգանական բռնություններով, ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին ներկայանալու հնարավորությունից զրկելով, իշխանական ուժն արգելք ստեղծեց Ազգային ժողովում նրա թեկնածությունը քննարկելու ճանապարհին։ Բայց դա, ամենևին չի ենթադրում, որ նրանք իրենց առաջադրած թեկնածուին կընտրեն այդ պաշտոնում։ Ամենայն հավանականությամբ Անահիտ Մանասյանը չի ընտրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում` շարունակելով պաշտոնավարել Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, որից մինչ օրս չի ազատվել` խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը։
Դրանից հետո կլրանա պաշտոնը երեք ամիս թափուր մնալու ժամկետը, ինչն իրավունք կտա Քաղաքացիական պայմանագրի կողմից ընտրված Հանրապետության նախագահին, առանց որեւէ մեկի կարծիքը լսելու կամ քննարկման, այդ պաշտոնում նշանակել ժամանակավոր պաշտոնակատար` օրակարգից հանելով սահմանադրական եղանակով սահմանադրական այդ կարևոր ինստիտուտի կազմավորման հարցը` վերջնականապես տապակելով այն։
Ադրբեջանա-թուրքական հեղափոխության նախաձեռնողներն ու կազմակերպիչներն իշխանության են եկել հայերի խախտված իրավունքների հաշվին ադրբեջանցիների ու թուրքերի իրավունքները պաշտպանելու համար։ Դրա հետևանքով է, որ հարյուրամյա հայկական բնակավայրերից նրանք տեղահանում են հայերին` այնտեղ բնակեցնելով ադրբեջանցիներին ու թուրքերին։
Իսկ մենք հետեւողականորեն պայքարում ենք մեր ժողովրդին բնաջնջող և պետությունը կործանող հանցախմբի դեմ։ Մենք պարտավոր ենք փրկել մեր պետությունն ու ժողովրդին` թշնամու շահերին ծառայող այս հանցախմբի կեղտոտ ու արյունոտ ճիրաններից։
Մենք դա կանենք։ Մեզ պետք է միայն ուժ և աջակցություն, ուրիշ` ոչինչ», – նշել է Ղազարյանը։