Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 3-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ. դեկտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-2022 թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի:
Խաղացած ներկայացումներից էին` Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ. Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պ. Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն:
Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984 թ.), «Ավտոբուս» (1988 թ.), «Լաբիրինթ» (1994 թ.), «Մեր բակը 1» (1996 թ.) ֆիլմերում:
2007 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Լուսինե Կիրակոսյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
Երևանում վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ժամը 14:00- 15:30 (հասցե՝ Իսահակյան 28)։
Հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում ապրիլի 4-ին՝ ժամը 19:00-ին,«Վան» սգո սրահում (հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 19/1), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-14:00-ն»։