Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 27-ի ԲԴԽ-38-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:
Ներկայացնում ենք Աննա Մաթևոսյանի կենսագրությունը։
Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2003 թվականին ավարտել է մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ
2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում` որպես առաջին կարգի մասնագետ:
2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության դատական պրակտիկայի ուսումնասիրության, ամփոփման և վիճակագրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում` որպես գիտաշխատող:
2007-2009թթ. աշխատել է ՀՀ դատախազության աշխատակազմի դատախազների սպասարկման վարչությունում` որպես գլխավոր մասնագետ:
2009-2016թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրով՝ նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: