Կրակայրիչով հարվածել էր, գոռացել և հայհոյել աղջկան

Կոտայքի մարզի դատախազությունն Արման Կարապետյանին մեղադրանք է առաջադրել ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, որ կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Արման Կարապետյանը 2012թ. մայիսի 27-ին` երեկոյան, «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Նելլի Հունանյանին, նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհու պարտքը:

Արման Կարապետյան, ըստ մեղադրանքի, սպառնացել է հակառակ դեպքում ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին:

Այդ խոսակցությունից հետո Նելլի Հունանյանը, ինքնասպանություն գործելու դիտավորությամբ, վերադարձել է տուն, դանակով երկու անգամ հարվածել որովայնին, որից հետո տեղափոխվել Է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ և ստացել համապատասխան բուժօգնություն:

Բացի այդ, Արման Կարապետյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2011 թվականի ամռանից մինչև 2012 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, դրամական օգուտ ստանալով, նպաստել է իր ծանոթ մարմնավաճառներ Անիի, Աննայի, Նարինեի պոռնկությամբ զբաղվելուն և տնօրինել է իր կողմից բերված հաճախորդների հետ նրանց սեռական հարաբերություններ ունենալու դիմաց վճարված գումարների մի մասը:

Քրեական գործի դատաքննության ընթացքում` դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ Արման Կարապետյանի պաշտպանը միջնորդել է գործով տուժող Նելլի Հունանյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն:

Ըստ պաշտպանի միջնորդության` Արման Կարապետյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննության ընթացքում` 2012թ. նոյեմբերի 28-ի դատական նիստում, գործով տուժող Նելլի Հունանյանը ցուցմունք է տվել, որ 2012թ. մայիսի 28- ին ինքնասպանության փորձ է կատարել գործով ամբաստանյալի կողմից հնչեցված այն ենթադրյալ սպառնալիքից ազդված, թե իբր հայտնելու է ամուսնուն իր ամուսնական անհավատարմության մասին:

Միևնույն ժամանակ տուժող Նելլի Հունանյանը պաշտպանության կողմի հարցադրումներին ի պատասխան ըստ էության հայտնել է, որ իր կողմից ամուսնական անհավատարմության դրսևորումները պետք է, որ անակնկալ նորություն չլինեին իր ամուսնու համար, դրանք մեկ տարուց ավելի հայտնի էին իր ամուսնուն, մասնավորապես՝ ամուսնուն հայտնի է եղել, որ ամուսնական կյանքի ընթացքում ինքը Ռուդիկ անունով զուգընկեր է ունեցել, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և որի կապակցությամբ ամուսինն իրեն հասկացել ու ներել է:

Դավիթ անունով տաքսիստը նույնպես իր ամուսնուն հայտնել է ամուսնական կյանքի ընթացքում իր անհավատարմությունների մասին և ամուսինը կրկին իրեն ներել է:

Տուժող Նելլի Հունանյանը հայտնել է նաև, որ 2011թ. աշնանն իր կողմից մկնդեղով թունավորվելու փորձից հետո էլ իր ամուսնուն հայտնի է դարձել իր ամուսնական անհավատարմության մասին և ամուսինն իրեն դարձյալ ներել է:

Այնուհետև, Նելլին հայտնել է, որ դեպքից ու Արմանի ենթադրյալ սպառնալիքից դեռևս երկու-երեք օր առաջ ինչ-որ մեկը փակ համարից հեռախոսով իր ամուսնուն հայտնել է իր ամուսնական անհավատարմության մասին, ինչի հետևանքով ամուսինն այդ պահից սկսած ու երկու-երեք օր շարունակ անընդհատ հարբած է եղել, ինչպես տուժողը բնորոշել է «որ խմում է, գժվում է, չի հասկանում, ինչ է անում, անընդհատ և ընդհուպ մինչև իր ինքնասպանության փորձի պահը պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն»:

Դատարանում հրապարակվել է տուժող Քնարիկ Ավանեսյանի նախաքննական ցուցմունքները` գ.թ. 18-19, տրված 2012թ. մայիսի 29-ին` դեպքի հաջորդ օրը և գ.թ. 80-87, տրված 2012թ. հուլիսի 18-ի` դեպքից 50 օր անց: Երկու ցուցմունքներում էլ Նելլին հայտնել է, որ իր ինքնասպանության փորձի պատճառը ամուսնու պարբերական դաժանություններն են եղել:

Ըստ պաշտպանի միջնորդության` տուժողն իր դատաքննական ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների հակասականության վերաբերյալ որևէ տրամաբանական բացատրություն չի ներկայացրել, այլ հայտնել է, որ ինքը հոգեկան հիվանդություն ունի, անգամ դեպքից հետո ստացիոնար բուժում է ստացել Նորքի հոգեբուժարանում և ոչ այն ժամանակ է գիտակցել, թե ինչ է գրում և ոչ էլ հիմա է դատարանում հստակ գիտակցում, թե ինչ է ասում:

Նելլին պաշտպանության կողմին կամովին ներկայացրել է Նորքի հոգեբուժարանում 11.06.2012թ.-04.07.2012թ. ստացած ստացիոնար բուժման վերաբերյալ թիվ 1799 էպիկրիզը, համաձայն որի` Ք. Ավանեսյանը կոնտակտին եղել է մատչելի, հարցերին պատասխանել է, ըստ էության, հոգեբուժարանում ևս հայտնել է, որ իր հետ կատարվածի պատճառն ամուսինն է, որը միշտ եղել է անհաշտ, կոնֆլիկտային:

Դուրս է գրվել 2012թ. հուլիսի 4-ին լավացումով, ուստի և դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքներից առնվազն վերջինը` 18.07. 2012թ,/ գ.թ. 80-87/ տվել է ենթադրյալ հոգեկան հիվանդությունից լավացած վիճակում: Նելլին իր ինքանսպանության փորձի դիմելու իրարամերժ երկու պատճառ է նշել, մի դեպքում ամուսնու պարբերական դաժան վերաբերմունքը, մյուս դեպքում` Արմանի ենթադրյալ սպառնալիքը` հայտնել ամուսնուն այն, ինչն ըստ էության վաղուց արդեն հայտնի էր:

Նելլին նաև հայտարարել է, թե ինքը չի գիտակցել ու չի գիտակցում, թե ինչ է ասում ու անում, հետևաբար նաև ինքնուրույն չի կարող հաստատապես պնդել, թե որն է եղել ինքանսպանության փորձի դիմելու առավել արժանահավատ պատճառը:

Պաշտպանական կողմը գտել է, որ Նելլի մարմնական վնասվածքները նրան հասցվել են այլ անձի կողմից, սակայն եթե անգամ պայմանականորեն ընդունեն, թե նա կատարել է ինքնասպանության փորձ, ապա գտնում է, որ դրա պատճառը եղել է ոչ թե Արմանի ենթադրյալ սպառնալիքը, այլ կնոջ ամուսնու պարբերական դաժան վերաբերմունքը:

Ելնելով վերը շարադրվածից` ամբաստանյալի պաշտպան Ա. Սահակյանը միջնորդել Է տուժող ի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն և փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը՝
1. Տառապում է կամ տառապել է արդյոք Նելլին որևէ հոգեկան հիվանդությամբ, եթե այո, ապա ինչ հիվանդությամբ, երբվանից և եթե ապաքինվել է, ապա երբ:
2. Եթե տառապում է, կամ տառապել է հոգեկան հիվանդությամբ, արդյոք այդ հիվանդության հետևանքով նա զրկված է եղել իրադարձությունները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից`
– 2012թ. մայիսի 28-ին,
-2012թ. մայիսի 29-ին,
-2012թ. հուլիսի 18-ին,
-2012թ. նոյեմբերի 28-ին,
-փորձաքննության պահին:

Ամբաստանյալի պաշտպան Ա. Սահակյանը միջնորդությունը քննարկելիս դատարանը հաշվի է առնել այն հանգամանքը, որ այս քրեական գործի նախաքննության ընթացքում նմանատիպ, այսինքն` դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն չի նշանակվել, իսկ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է, որ տուժող Նելլին իր հոգեկան առողջական վիճակով ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս չի կարողանում հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել դրանք, բացի այդ կասկած կա, որ վերջինս ունի հոգեկան առողջության խնդիրներ, ինչը կարող է արգելք հանդիսանալ նրա կողմից դեպքերի և իրադարձությունների ճիշտ և ադեկվատ ընկալմանը կամ դատավարական գործողություններին մասնակցելուն` առհասարակ։

Դատարանը գտնել է, որ այս քրեական գործով պետք է նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն և այն հանձնարարել ՀՀ ԱՆ Հոգեբուժական Բժշկական Կենտրոն ՓԲԸ-ի Նորքի Կլինիկային՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշմամբ առաջադրված հարցերը պարզելու և եզրակացություն տալու համար։ Միջնոդությունը բավարարվել է: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անուններըհասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարներըկարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել