Քաղաքապետարանը՝ շատրվանների ու ջրավազանների գործարկման ժամկետների ու նախապատրաստական աշխատանքների մասին

2023թ. ընթացքում երևանյան ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների անխափան գործունեությունն ապահովելու համար մեկնարկել են տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այս օրերին Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ մասնագետները քաղաքի տարբեր հատվածներում ստուգում են

-շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը,
-փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները,
-նորոգում կամ փոխարինում խողովակաշարեր, սողնակներ, փականներ:

Բացի այդ, փոխարինվելու են պոկված սալիկներն ու նորոգվելու են եզրաքարերը, հղկվելու և թարմացվելու են ջրավազանների պատերն ու հատակները:

Տարվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ:

2022թ. մեկնարկած՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի, «Երևանի 2750-ամյակի», մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքի, Նոր Նորքի գեղարվեստական շատրվանների, «Շողակաթ» հ/ը հարակից և Գ․ Նժդեհի հրապարակի շատրվանների պոմպակայանների վերանորոգումն ավարտվել է, պոմպերը, էլսարքավորումները և սողնակներն ամբողջովին փոխարինվել են նորերով, փորձարկման աշխատանքները ավարտվել են։

Տարեշրջանի մեկնարկը տրվելու է մայիսի 1-ին և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին։ «Ջրային Կառույցների» ՓԲ ընկերության կողմից շահագործվելու է 39 ջրային կառույց (29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար)։

Որպես պարտադիր բաղադրիչ՝ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները կդատարկվեն, կմաքրվեն, կլվացվեն և նորից կջրալցվեն։

Պարտադիր բնույթ է կրելու նաև քլորացումը:

Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով:

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժ. 8։30-ից՝ 23։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել