ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու, «Արտաշատ մայրաքաղաք» արգելոց պատմամշակութային մասնաճյուղ ստեղծելու մասին չզեկուցվող հարցը։
Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը կկազմի 5.85195 հեկտար:
«Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Կստեղծվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ։
Սահմանված տարածքը կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքը ( (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին։
Լուսանկարը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, այն արվել է հինավուրց մայրաքաղաք Արտաշատում։