ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանի։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նախարարը պահանջել է՝ պարտավորեցնել Մանուել Մանուկյանին ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, հրապարակայնորեն ներողություն խնդրել։
Գործը դատարան է ստացվել 2023 թվականի փետրվարի 24-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին։
Գործն ընդունվել է վարույթ մարտի 7-ին։
Հիշեցնենք, որ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում առանձնատան լուսանկար էր տարածել՝ նշելով, որ այն պատկանում է Սուրեն Պապիկյանին։
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ համացանցում տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումներն այն մասին, թե իբր դրանք պատկանում են պաշտպանության նախարարին չեն համապատասխանում իրականությանը։