Կառավարության մարտի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը։
Որոշման նախագծում նշվում է, որ Կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև երկկողմ ռազմական համագործակցությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով։
Նախատեսվում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:
Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն ուսումնական հաստատություններում՝ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները և հնարավորությունները։
«Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը և փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թվականի ապրիլի 9-ին ստորագրված համաձայնագրի վավերացումը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ: