Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը 2013թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ամբաստանյալ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net