Ոստիկանությունը հերքում է

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու մասին, ինչպես և հիշյալ հանցարարքները բացահայտելու գործում անգործություն ցուցաբերելու մեղադրանք է ներկայացվում ոստիկանությանը:
Այդ մեղադրանքներն անհիմն են:
 
Ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան և անհրաժեշտ աշխատանքներ, և այդ գործընթացում ակնկալում ենք նաև ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:
 
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:
 
Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաև այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը:
 
Մեկ անգամ ևս բոլորին կոչ ենք անում օգնել այդ ոչ դյուրին աշխատանքում, իսկ եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք ոստիկանությանը, որն առաջին հերթին է շահագրգռված այս դեպքերի բացահայտմամբ, քանի որ դրանք սրում են օպերատիվ իրավիճակը, որի կայունության պահպանումը ոստիկանության գլխավոր խնդիրն է: 
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել