Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (d) ենթակետի համաձայն՝ թույլատրվում է անչափահասի կալանավորումը երկու հանգամանքներում:
Անճափահասին կալանքի վերցնելն օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար:
Անչափահասի օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (d) ենթակետի առաջին մասը վերաբերում է պարտադիր կերպով ուսումնական հաստատություն հաճախելու պահանջ պարունակող որոշումներին, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կարող է համարվել ազատությունից զրկում, նույնիսկ եթե անձն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում կալանքի տակ չի պահվում: Եվրոպական դատարանում ձևավորված պրակտիկայի համաձայն չի պահանջվում, որպեսզի որոշումն ընդունված լինի դատարանի կողմից, այդպիսի որոշում կարող է ընդունվել նաև վարչական մարմնի կողմից:
Միաժամանակ, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, նման դեպքերում որոշմանը ենթակա անձը պետք է կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ունենա իր կալանավորման օրինականությանը վիճարկելու իրավունք: Այդ իրավունքի իրականացման ընթացքում դատարանը կարող է անհապաղ որոշում կայացնել և կարգադրել անձին ազատ արձակել, եթե գտնի, որ կալանավորումն անօրինական է:
Այսպիսով, կարող ենք ասել, որ, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, անչափահասին դաստիարակչական հսկողության համար օրինական որոշման հիման վրա կալաքնի կարելի է վերցնել այն դեպքում, երբ դատարանը կամ վարչական մարմինը կայացնում է օրինական որոշում անչափահասին հսկողության ներքո պահելու մասին՝ ազատության այնպիսի սահմանափակմամբ, ինչպիսին է ուղղիչ հիմնարկում կամ կլինիկայում հարկադիր պահելը: