Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը: Նրանք պետք է հիշեն, որ իրենց վարքով դատում են ոչ միայն իրենց մասին, այլև զինված ուժերի պատվի մասին ընդհանրապես:
Զինծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Ծառայության հարցերով նրանք պարտավոր են միմյանց դիմել «Դուք»-ով: Անձնապես դիմելու դեպքում զինվորական կոչումներն անվանվում են առանց զորատեսակի կամ ծառայության նշման:
Պետերը և ավագները (մեծերը) ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն» բառը:
Օրինակ` «Շարքային Հովհաննիսյան», «Պարո´ն շարքային», «Սերժա´նտ Աբրահամյան», «Պարոն սերժանտ» և այլն:
Ռազմական ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք չունեն սերժանտական կամ ավագային կազմի և ենթասպաների զինվորական կոչում, ինչպես նաև ուսումնական զորամասերի (ստորաբաժանումների) սովորողներին դիմելու դեպքում անվանում են «Ուսանո´ղ Հովհաննիսյան», «Պարո´ն ուսանող», «Կուրսա´նտ Հովհաննիսյան», «Պարո´ն կուրսանտ»:
Ենթականերն ու կրտսերներն իրենց պետերին ու ավագներին դիմում են կոչումով կամ ազգանունով` կոչումից (ազգանունից) առաջ ավելացնելով «պարոն» բառը:
Օրինակ` «Պարո´ն կապիտան», «Պարո´ն Հովհաննիսյան»:
Ծառայությունից դուրս եղած ժամանակ և շարքից դուրս, սպաները միմյանց կարող են դիմել ոչ միայն զինվորական կոչումով, այլև ազգանունով: Առօրյա կյանքում սպաներին թույլատրվում է օգտագործել «սպայի խոսք» հաստատական արտահայտությունը և միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն թույլատրելի է ասել` «Պատիվ ունեմ»:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական անձանց դիմելիս զինծառայողները նրանց անվանում են ազգանունով` դրանից առաջ ավելացնելով «պարոն» բառը:
Զինվորական կոչումների աղավաղումը, անպարկեշտ արտահայտությունների, մականունների և ծաղրանունների գործածությունը, կոպտությունն ու արհամարհական վերաբերմունքն անհամատեղելի են զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ:
Կին զինծառայողներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով կամ ազգանունով` ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը:
Օրինակ` «Ենթասպա´ Մինասյան», «լեյտենա´նտ Կարապետյան» կամ «Տիկի´ն Մինասյան», «Տիկի´ն Կարապետյան» կամ «Տիկի´ն ենթասպա», «Տիկի´ն կապիտան» և այլն: