Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին որոշման բողոքարկման և վերանայման վարույթները

Այն դեպքերում, երբ անհատի քաղաքացիության կարգավիճակը հանդիսացել է դատական կամ այլ մարմինների կողմից իրականացվող վերանայման կամ բողոքարկման վարույթների առարկա, պետք է հաշվի առնվի այդ մարմինների կայացրած որոշումը:

Այն պետություններում, որոնք ընդհանուր առմամբ պահպանում է իրավունքի գերակայության սկզբունքը, վերաքննիչ վերանայող մարմնի որոշումը, որպես կանոն, ներկայացնում է հոդված 1 (1)-ի տեսանկյունից անհատի քաղաքացիության կարգավիճակի վերաբերյալ պետության դիրքորոշումը, եթե տեղի օրենքների համաձայն այդ մարմնի որոշումները պարտադիր են գործադիրի համար:

Այսպիսով, եթե հետագայում իշխանությունները անհատի հանդեպ ցուցաբերում են վերանայող մարմնի՝ քաղաքացիության մասին որոշմանն անհամապատասխան վերաբերմունք, սա ավելի շուտ վկայում է քաղաքացու իրավունքների ոտնահարման, այլ ոչ անհատի՝ քաղաքացի չհանդիսանալու մասին:

Այլ մոտեցում կարող է արդարացված լինել այն երկրներում, ուր գործադիրը կարող է անպատժելիորեն անտեսել դատական կամ վերանայման այլ մարմինների որոշումները (թեև դրանք օրենքով պարտադիր են): Սա, օրինակ, կարող է վերաբերել այն պետություններին, ուր պետական կառույցներում լայնորեն տարածված է որոշակի խմբի հանդեպ խտրական վերաբերմունքը: Նման դեպքերում որոշիչը կլինի պետական մարմինների դիրքորոշումը, որ տվյալ խմբի ներկայացուցիչը քաղաքացի չի հանդիսանում, այլ ոչ դատական ատյանների դիրքորոշումը որը կարող է հաստատել այդ խմբի քաղաքացիության իրավունքները:

Կարող են հանդիպել իրավիճակներ, երբ անհատի հետ ուղղակիորեն չառնչվող դեպքի վերաբերյալ դատարանի վճիռը իրավական ներգործություն ունենա այդ անձի քաղաքացիության կարգավիճակի վրա:

Եթե վճիռը, երկրի ներքին օրենսդրության բերումով, փոխում է տվյալ անձի քաղաքացիության կարգավիճակը, սա սովորաբար վճռորոշ է նրա քաղաքացիության համար:

Նման հարց կարող է առաջանալ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքում գործող՝ քաղաքացիության ավտոմատ ձերքբերման մեխանիզմի դրույթի մեկնաբանությունը իր ներգործության դաշտ է բերում մարդկանց մի ողջ խումբ՝ առանց նրանց կամ կառավարության կողմից որևէ գործողության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել