Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է նախկինում չդատված 38-ամյա Կարինե Սարգսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Վերջինս 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում (այսինքն՝ մոտավորապես 1 ամիս) Արմինե Ղազարյանին իր հետ տարել է մարմնավաճառության, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն սահմանում է, որ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (200 հազարից 400 հազար դրամ), կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: