Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքում։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft կայքում։
Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ:
«Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկների ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, որոնց իրականացումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց մի շարք իրավունքների իրականացման սահմանափակման հետ։
Նշվածից ելնելով՝ անհրաժեշտ է ոստիկանությանն օրենքով վերապահել համապատասխան իրավունքներ (լիազորություններ), որոնց հիման վրա հնարավոր կլինի լիարժեք իրականացնելու նշված ծառայության ստեղծմամբ նախանշված խնդիրները և նպատակները»,-նշվում է նախագծում։
Լրացում կկատարվի նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված լողամիջոցների շահագործման կանոնների խախտում արձանագրելուց հետո ոստիկանության ջրային պարեկային ծառայողն իրավախախտումը վերացնելու և անվտանգության ապահովման պարտականությունների կատարման նկատառումներից ելնելով՝ պարտավոր է լինելու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լողամիջոցի հետագա շահագործումը (մինչև իրավախախտման հատկանիշների վերացումը) արգելելու ուղղությամբ։