Ուժի մեջ չմտած Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրի տեքստում կարող են փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվել այդ պայմանագիրը ստորագրած մյուս կողմի առաջարկությամբ, եթե տվյալ պայմանագրի որոշ դրույթներ այդ կողմի սահմանադրությանը կամ իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին հակասելու պատճառով խոչընդոտում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ այդ կողմի ներպետական ընթացակարգերի իրականացմանը:
Նման դեպքերում արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ իրավասու գերատեսչությունը բանակցություններ է սկսում վարել միջազգային պայմանագրի մյուս կողմի հետ` այդ պայմանագրում առկա այն դրույթը վերացնելու կամ փոփոխելու համար, որը խոչընդոտում է միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ մյուս կողմի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:
Եթե վերը նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետությունը սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ վավերացրել կամ հաստատել է տվյալ միջազգային պայմանագիրը, ապա`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի միջնորդությամբ և արտաքին գործերի նախարարության և իրավասու գերատեսչության կարծիքների առկայությամբ Ազգային ժողովը կարող է չեղյալ ճանաչել իր ընդունած որոշումը.
2) իրավասու գերատեսչության պատճառաբանված դիմումով և արտաքին գործերի նախարարության կարծիքով Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է չեղյալ ճանաչել իր հրամանագիրը:
Ընդ որում, տվյալ միջազգային պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելուն ուղղված բանակցությունների ընթացքում հայկական կողմը պետք է ապահովի դրա փոխարինումը այնպիսի նոր դրույթով, որը չնախատեսի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություն:
Ստորագրված միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու շուրջ փոխհամաձայնության գալու դեպքում դա ամրագրվում է տվյալ միջազգային պայմանագրի փոփոխված տեքստի ստորագրումով կամ այդ պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրության ստորագրումով։ Վերջինում հստակ նշվում է, թե պայմանագրի որ հոդվածը կամ դրույթն է հանվում տեքստից կամ փոխարինվում այլ դրույթով:
Պայմանագրի նորացված տեքստը կամ դրա անբաժանելի մաս կազմող արձանագրությունը հայկական կողմից ստորագրում է սույն օրենքով միջազգային պայմանագիր ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը:
Դրանից հետո միջազգային պայմանագիրը օրենքի դրույթների պահանջների պահպանումով կրկին ներկայացվում է վավերացման կամ հաստատման: