Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 20-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է՝ Գասպարյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 28-ին՝ ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ՝ Հանցավորին վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված արաքներ կատարելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի և մյուս ամբաստանյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 միլիոն դրամի վնաս։