ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական քննությունները):
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
- վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
- բժշկական տեղեկանք (անգլերեն),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ն:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ (+374 10) 599-644, (+374 10) 599-646)։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը չպետք է գերազանցի 2250 վրացական լարի: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 վրացական լարի: Վրացական կողմի բարձրագույն ուսումնական հաստատության նպատակահարմարության պարագայում մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքների ստուգում:
Նշենք նաև, որ արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: