Ի՞նչ է վարչական ակտը և ի՞նչ նպատակով է այն ընդունվում

Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

Իսկ ի՞նչ բնույթի կարող են լինել վարչական ակտերը:

Վարչական ակտերը կարող են լինել.

ա) բարենպաստ. բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող. միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.

գ) զուգորդվող. զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:

Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` օրենքով ներկայացվող պահանջները:

Վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել