Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, որը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը` վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից եռամսյա ժամկետում:
Եթե համայնքի նորընտիր ղեկավարի լիազորություններ ստանձնելու ժամկետը համընկնում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետին, ապա համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում կամ ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում կամ իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:
Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ:
Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, կատարում է փոփոխություններ և իր որոշմամբ ընդունում է:
Համայնքի ղեկավարը տարեկան բյուջեների նախագծերը մշակելիս հաշվի է առնում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները: