Ի՞նչ տուգանք է նախատեսված առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարելու համար

Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:

Առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Մասնավորապես. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 ՀՀ դրամի չափով:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5 000 ՀՀ դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում են տուգանքի նշանակում` 15 000 ՀՀ դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելն
առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով:

Նշենք, որ այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

Անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել