Համայնքի ավագանին ո՞ւմ և ինչպե՞ս կարող է ներկայացնել համայնքի ղեկավարի պաշտոնանկության առաջարկ

Համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ կարող է առաջարկ արվել համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ:

Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել հետևյալ դեպքերում`

1) համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարվելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարվելու դեպքում.

2) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող մի շարք որոշումներ.

3) մեկ տարվա ընթացքում սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից երկու անգամ նիստ չհրավիրվելու դեպքում:

Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկության քննարկման նպատակով հրավիրված ավագանու նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստացած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` կցելով իր կարծիքը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել