Կառավարությունը հաստատեց օրենսդրական նախագծերի փաթեթ, որով ներդրվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի միջոցով կբարձրանա ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները, կտրամադրվի հավելավճար:
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային մոտեցումների հիման վրա՝ ծառայողը համարվում է ատեստացիան անցած այն պարագայում, երբ՝ նախ հաջողությամբ հաղթահարել է ընդհանուր զարգացվածության թեստը, այնուհետև՝ կրակային և ֆիզիկական պատրաստականության վարժությունները, ապա մասնակցելով բուն մասնագիտական գիտելիքների ստուգման թեստին՝ նախատեսված 50 հարցերից 30-ին կամ 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան:
Ոստիկանության գլխավոր խմբի ծառայողները, բացի նշված փուլերից, անցնելու են նաև հարցազրույց՝ ղեկավարման հմտությունները լրացուցիչ ստուգելու նպատակով:
Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:
Եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման չդիմելու կամ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:
Առաջին ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ծառայողին մեկ անգամ տրվելու է վերապատրաստվելու հնարավորություն:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ (օրինակ՝ օպերլիազորից բաժանմունքի պետ), ինչպես նաև ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման (օրինակ՝ պարեկից օպերլիազոր), որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման և ատետավորման: Ընդ որում՝ ատեստավորվելու օրվանից 2 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք:
Ատեստավորում չեն անցնելու բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները (Ոստիկանության պետ և տեղակալներ), ինչպես նաև ներքին գործերի նախարարության տիրույթ տեղափոխվող ստորաբաժանումների աշխատակիցները: