Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որպես բանախոս, այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Ասուլիսի մյուս բանախոսներն էին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է այս կարևոր մարզական միջոցառումը մեր երկրում առաջին անգամ հյուրընկալելու առթիվ և նշել, որ Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությանը, որը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային, ըստ նախնական ցանկի, կմասնակցի 500 մարզիկ՝ 40 երկրից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում նման մասշտաբի առաջնության անցկացումը նախևառաջ ունի մարզական նշանակություն, ապա այն ընդգծում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը, ինչն էլ կխթանի ոլորտի զարգացումն ու առողջ ապրելակերպը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատասխանատու բոլոր օղակների կողմից արվում է առավելագույնը՝ բարձր նշաձող ապահովելու համար, և այս համատեքստում հիշատակելի է (օրինակելի է) նախորդ տարի Հայաստանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպչական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, և բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Գեղեցիկ, դիտարժան և ներկայանալի շոու է սպասվում, ինչը, մասնագետների կարծիքով, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ չի եղել: Հայաստանը ներկայանալու է ոչ միայն որպես մարզական, այլև մշակույթի և արվեստի կենտրոն: Ակնկալում ենք, որ մեր հյուրերն առավելագույն բավականություն ստանան իրենց ներկայությունից ՀՀ-ում, Երևան քաղաքում և մրցաշարի ընթացքում», – ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նա ներկաներին հրավիրել է մասնակցելու առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում և կոչ է արել մեր հանրությանը՝ ակտիվ խրախուսել հայ մարզիկներին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է այս տարի նախատեսվող մարզական մյուս միջոցառումներին ևս՝ այդ շարքում նշելով օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերը և Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը:
Հաջորդիվ բանախոսները պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Արայիկ Հարությունյանը նաև շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել աշխատանքների ընթացքին և ստեղծված պայմաններին: