Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվում է քննվել 27-ամյա Լևոն Լևոնյանին առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ վերջինիս նկատմամբ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ հիշյալ հոդվածների՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Համապատասխանաբար, երկրորդ հոդվածը սահմանում է, որ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ամբաստանյալ Լևոն Լևոնյանը Lemon loung cafe սրճապանի դիմաց՝ հասարակական մարդաշատ վայրում, իր մոտ ապօրինի պահվող՝ գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Վարդան Կիրակոսյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Արձակված մյուս գնդակներն անդրադարձվել են ճանապարհի ասֆալտե ծածկույթից և սլացել տարբեր ուղղություններով՝ իրական վտանգ ստեղծելով տարածքում հավաքված մարդկանց կյանքի համար։
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net