Երրորդ տարում ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ դպրոցում չի աշխատելու․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կրթության զարգացման պետական ծրագրին, այսօր՝ մարտի 16-ի կառավարության նիստին, նշել է, որ ռազմավարության մաս է կազմում նաև ուսուցիչների ատեստավորումը, որի լավարկման վերաբերյալ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում:

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ լավարկման արդյունքում հնարավորություն է տրվում այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը. Ըստ նախարարի՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա. «Դրա հաջող արդյունքի պարագայում կունենանք դպրոց մտնելու ավելի մեծ մոտիվացիա»:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման գործընթացին, որն իրականացվում է 2021 թվականից, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը միջինում կրկնապատկվել է: Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնն ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»:

Նախարարը հայտնել է նաև, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների, բոլոր առարկաների ուսուցիչները: Կարգի հաստատումից հետո, մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի: «Երեկվանից մեկնարկել է նաև դիմումների ընդունումն արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար, որը վերաբերում է երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժներին։ Մարտի 9-ից ընդունվում են նաև մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվել է՝ կենսաթոշակային տարիքի լինելն ինքնին դեռ աշխատանքից ազատելու հիմք չէ: «Նախկինում այդպիսի կարգավորում կար: Հիմա այս կարգավորումը վերաբերում է նաև ուսուցիչներին: Մենք այս օրենքի փոփոխությամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն: Նախկինում ինչի՞ համար էր այդ կարգավորումը, նաև դպրոցներում, որովհետև այդպիսի տեսակետ կար, որ կենսաթոշակային տարիքն անց ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունն ընկնում է, երիտասարդներին ճանապարհ չեն տալիս: Բայց մենք այդ կարծիքին չենք՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այդ ռիսկը կա և գոյություն ունի: Կարծում եմ՝ շատ լավ մեխանիզմ է, մոտիվացիա է կենսաթոշակային տարիքի այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են կամավոր ատեստավորում անցնել: Ուզում եմ հիշեցնել՝ երրորդ տարում ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ դպրոցում չի աշխատելու: Նախ իրենց աշխատավարձը կբարձրանա, երկրորդ՝ այլ կարգի մտավախությունները կփարատվեն, և մենք նաև ուսուցիչների կադրային բազան լրացնելու այդ հնարավորությունը նույնպես կօգտագործենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է մեխանիզմներ գործարկել, որպեսզի երիտասարդ ուսուցչական կադրերի համար ատեստավորման պահանջը խոչընդոտ չդառնա:

Կառավարության մեկ այլ որոշումներով էլ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ Ö ‡ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել