Տուգանքները կխստացվեն մի շարք շինաշխատանքների դեպքում խախտումներ թույլ տալու համար, այդ թվում՝ ինքնակամ կառույցների դեպքում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում (Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը)՝ կատարել հետևյալ փոփոխությունները․

1․ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու կամ վերակառուցելու կամ տեղադրելու կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու համար տուգանք սահմանել 700․000-1․500․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 500․000-1․000․000 դրամ։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելու դեպքում տուգանք սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ սահմանել տուգանք 2․000․000-2․500․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 1․500․000-2․000․000 դրամ։

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար սահմանել տուգանք 2․500․000-3․000․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 2․000․000-2․500․000 դրամ։

Բացի այդ, նախատեսվում է փոփոխություն կատարել նաև ՎԻՎՕ 154-1 հոդվածում, որով տուգանք է սահմանված կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Նախատեսվում է, որ կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) 3 տոկոսի չափով՝ ներկայիս 1 տոկոսի փոխարեն։

Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) 15 տոկոսի չափով՝ ներկայիս 10 տոկոսի փոխարեն։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բարելավել և խթանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն նվազեցնել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել