Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`
1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.
3) քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզումը և հայտնաբերումը, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը.
4) վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների և այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.
5) ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը.
6) մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը.
7) հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացումը, հայտնաբերումը, կանխումը և բացահայտումը.
8) քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը.
9) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանը.
10) պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկություններ հավաքելը.
11) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը.
12) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.
13) սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու և այնտեղ գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.
14) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.
15) ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը.
16) օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու և որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը: