Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել․ այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում նաև ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց։
«Դա զինված ուժերի դիմակայման խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, հիմա եկեք չեղած բանի մասին չխոսենք: Ասում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք ամեն գնով պատրաստ ենք պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:
Իսկ արդյոք Արցախի և Հայաստանի սահմաններին կուտակումներ կան՝ Սուրեն Պապիկյանը հայտնեց
«ԼՂ շուրջ կուտակումների և մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, նաև ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածքում։
Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատերազմի մասին ենք խոսում կամ պատրաստվում ենք պատերազմի»,-ասաց նա։