«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու, նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու համար: Սա ևս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը»: Իրավական առումով հարցի պատասխանը կտա դատաքննությունը, եթե գործը հասնի այդ փուլին»,-այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ այն, ինչը Փաշինյանը համարում է կոռուպցիայի դեմ պայքար, Արսեն Թորոսյանը իր գրառման մեջ համարում է այն ժամանակ իր տեղակալի (Գևորգ Սիմոնյան-խմբ.) դեմ շինծու գործ հարուցել և հարցին՝ ինչո՞ւ է իր թիմակիցը նման կերպ արտահայտվում այն պետության մասին, որը Փաշինյանն է կերտել:
Դիտարկմանը՝ փաստորեն իր թիմակիցը՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին ու արդարադատությանը, Փաշինյանը նշեց.
«Մեր երկրում Աստծուն չհավատացող հոգևորականներ կան, մեծ ողբերգություն չի, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»,- ասաց Փաշինյանը և դիտարկմանը՝ Ձեզ չի հավատում, Փաշինյանը ասաց. «Առավել ևս՝ մեծ ողբերգություն չի»:
Հիշեցնենք, որ այս գործով օրեր առաջ կալանավորվել էր նույն հիվանդանոցի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ «Մեդլայն»-ի առնվազն 8 բժիշկ, հիմնադիր տնօրենի կազմակերպմամբ, ստացիոնար բաժանմունքում բուժված 385 պացիենտի հիվանդության պատմագրերում գրել են, թե իբր նրանք վերակենդանացման բաժանմունքում են բուժվել։
«Մեդլայն կլինիկը» հարուցված քրեական գործը որակում է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա հիմնված սխալ եզրահանգումներ։
Նույն գործի շրջանակենրում տնային կալանքի տակ է «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի դեղակայուն բաժանմունքի վարիչը, ևս 8 անձ ձերբակալվել էր, բայց նրանք հիմա ազատության մեջ են։ Կալանավորված տնօրենն ու առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։