Արժանապատվությունը զուտ մարդկային հատկանիշ է և ձեռք է բերվում մարդու զարգացման որոշակի շրջանում:
Յուրաքանչյուր մարդու համար արժանապատվությունը նախ և առաջ հարգվելու իր իրավունքն է և ուրիշներին հարգելու պարտականությունը:
Արժանապատվությունը այնպիսի հատկանիշ է, որը ձևավորվում և հղկվում է տարիների ընթացքում, երբ մարդը սկսում է հասկանալ իր հավասարությունը մյուսներին, սկսում է արժեվորել իր դերն ու նշանակությունը հասարակական կյանքում, և նրա ֆիզիկական և մտավոր կարողություններն, բարոյական և հոգևոր հատկանիշները ընդունվում են հասարակության կողմից:
Մարդու արժանապատվության համար կարևոր է իր հնարավորությունների (իրավունքների) ազատ և անարգել իրագործումը: Այդ իսկ պատճառով, մարդու իրավունքների ցանկացած ոտնահարում նսեմացնում է անձի արժանապատվությունը:
Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ողջ իրավական ինստիտուտը հիմնված է մարդու արժանապատվության հարգման սկզբունքի վրա: Այդ է պատճառը, որ արժանապատվության իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնական աղբյուրը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունը ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան…»:
Այս սկզբունքը իր ամրագրումն է ստացել ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մի շարք նորմատիվ իրավական ակտերում: Սա չի նշանակում, որ մարդու իրավունքները շնորհվում են պետության կամ որևէ մեկի կողմից, օրենսդրի գրչի շարժումով չէ, որ մարդը ստանում կամ զրկվում է այդ իրավունքից: Եվ ընդհանրապես, մարդու իրավունքները համարվում են բնական և անօտարելի: Մարդը այդ իրավունքներով օժտված է ի ծնե, մարդկային տեսակին պատկանելու շնորհիվ: Իսկ որոշ իրավունքներից անգամ ցանկության դեպքում մարդը չի կարող հրաժարվել: