Ե՞րբ կարող է գանգատ ներկայացվել Եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի, ինչպես նաև դրան առընթեր արձանագրությունների հիման վրա մշակել և 1998թ. նոյեմբերի 4-ին ընդունել է Դատարանի վարույթի կանոնները /կանոնակարգը/:

Կոնվենցիայի համակարգի բացառիկությունն այն է, որ ներքին իրավական միջոցների սպառվելուց անմիջապես հետո, անհատը կարող է գանգատ ներկայացնել Ստրասբուրգ՝ պայմանագիր կնքած պետության կողմից ՄԻԵԿ-ի վկայակոչած կետի կամ կետերի խախտման համար:

Եվրոպական դատարան դիմելու համար մշակված է հատուկ հրահանգ ձևաթուղթ, որը պետք է լրացվի անգլերեն և ֆրանսերեն լեզվով (դրանք Եվրախորհրդի պաշտոնական լեզուներն են):

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած ֆիզիկական անձից, հասարակական կազմակերպությունից կամ անհատների խմբից (անհատական գանգատ): Շահերի ներկայացումը դատապաշտպանի միջոցով պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվում:

Դատարանը ֆիզիկական անձանց և ոչ կառավարական կազմակերպության դիմումները քննարկման կարող է ընդունել միայն այն ժամանակ, երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները և 6 ամսվա ընթացքում` հաշվարկված ազգային համապատասխան մարմնի վերջնական որոշման կայացման ամսաթվից: Անանուն դիմումները քննարկման ենթակա չեն:

Յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է Դատարանին հարցադրում անել ցանկացած այլ անդամ-պետության կողմից Կոնվենցիայի կամ դրան առընթեր արձանագրությունների ենթադրյալ խախտման վերաբերյալ (միջպետական գանգատներ):

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 33 և 34 հոդվածների համաձայն` ցանկացած բողոք պետք է ներկայացվի գրավոր ձևով և ստորագրվի դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Ոչ կառավարական կազմակերպությունից և մի խումբ մարդկանց կողմից ներկայացված բողոքը պետք է ստորագրված լինի կազմակերպության կամ խմբի լիազորված անձանց կողմից: Համապատասխան Պալատը կամ Կոմիտեն է որոշում, թե բողոքը ստորագրած անձինք ունեն համապատասխան լիազորություններ:

Գանգատները կարող են ուղղված լինել միմիայն պետությունների կամ վերջիններիս կառավարման մարմինների գործելակերպի կամ գործողությունների դեմ: Անհատ անձանց կամ մասնավոր կազմակերպությունների դեմ ուղղված գանգատները չեն մտնում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի իրավասության ոլորտի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել