Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը:
Նշված դեպքում և ժամկետում, եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են:
Նշված նյութերը և փաստաթղթերը տրամադրելը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք: Այս նյութերը ենթակա են ոչնչացման անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում: