Ինչպե՞ս է գնահատվում գույքը հարկադիր աճուրդի ժամանակ

Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում (աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին) ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:

Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել