ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից, ի դեպ, այդ ցանկն սպառիչ չէ:
Նույն օրենսգրքի 191 հոդվածի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192 հոդվածի` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր:
«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործերն այն գործերն են, որոնք ուղղված են անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելուն: Այդ իսկ պատճառով օրենսդիրը վերը նշված` 191 հոդվածով դիմողի համար սահմանել է պատշաճ փաստաթղթեր ստանալու անհնարինությունը դատարանին ապացուցելու իրական և պարտադիր պահանջ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի փաստաբան Գեղամ Այվազյանը: