Ինչպե՞ս է ուղղում կատարվում քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին, վերջինս էլ համապատասխան հիմքերի առկայության դեպքում կատարում է ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը:

Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ ենթակա է փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Դիմողը պետք է ներկայացնի անձը հաստատող և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:

Քաղաքացիական կացության ակտի ուղղված, լրացված կամ փոփոխված գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման նոր վկայական:

ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելուց հետո` յոթ օրվա ժամկետում, ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին տեղյակ պահել քաղաքացիական կացության ակտի գրառման երկրորդ օրինակի պահպանման վայրի համապատասխան մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև դիմողի բնակության վայրի ոստիկանությանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ մարմինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել