Վերահուղարկավորումը հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելն է:
Մահացածի հարազատների ցանկությամբ` մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների միջոցների հաշվին:
Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հարազատի դիմումի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության հիման վրա:
Մահացածի հարազատն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:
Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանվում է ցերեկային ժամերին, գերեզմանատան տնօրինության ու Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի ներկայացուցիչների պարտադիր ներկայությամբ, անհրաժեշտության դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:
Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո գերեզմանատան տնօրինության կողմից գերեզմանահորն անմիջապես ախտահանվում է, լցվում հողով, և տեղը հարթեցվում է:
Նախկին և նոր գերեզմանների գերեզմանատների տնօրինությունները վերահուղարկավորման մասին գրանցումներ են կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյաններում ու գերեզմանների վկայականներում: