Որո՞նք են որսի արգելված ձևերը

Որս է համարվում ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք)` Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված միջոցներով, եղանակներով, չափաքանակներով և ժամանակահատվածներով: Որսի կենդանիներ կարող են լինել բնական ազատ պայմաններում ապրող, ինչպես նաև կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ:

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական և կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Թույլատրված որսամիջոցներ են համարվում որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրտվիլակները, թաքստոցները և թիվ 5-ից ոչ խոշոր թակարդները:

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել`

1) առանց օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության.

2) որսահանդակների տարածքներից դուրս.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

4) որսի կանոններով չնախատեսված որսագործիքներ օգտագործելով.

5) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.

6) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը.

7) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավել վայրի կենդանիների, թույլտվությունում չնշված վայրի կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս.

8) Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված վայրի կենդանիների վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

9) աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա.

10) վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ.

11) վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով.

12) որսի համար օրենքով չնախատեսված, օրենքով սահմանված կարգով չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ.

13) մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների,
օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ.

14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, րսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ.

15) պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ.

16) գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ.

17) բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով.

18) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ.

19) վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով:

Նման եղանակներով կատարված որսը քրեորեն պատժելի արարք է համարվում: Այն է՝

Ապօրինի որսը, որը՝

1) պատճառել է խոշոր վնաս,
2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով,
3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,
4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել