Ի՞նչ է ավազակությունը

Ավազակությունը ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումն է, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Նշված հանցագործության համար նախատեսված է պատիժ` ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավազակությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավազակությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) առողջությանը ծանր վնաս պատճառելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նշված հանցագործության համար զգալի չափ է համարվում հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել