Մարտի 4-ի երեկոյան ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Խանջյան փողոցում դանակահարված տղամարդ կա: Րոպեների տարբերությամբ մեկ այլ քաղաքացի էլ «911» ծառայություն էր զանգել ու հայտնել, որ Խանջյան փողոցի հյուրանոցներից մեկի մոտ վիճաբանություն է, մասնակիցներից մեկը դանակահարված է: Չուշացավ նաև 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ստացված հաղորդումը. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել մի տղամարդ:
Կենտրոնական բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին Խանջյան փողոց ու բուժհաստատություն: Դեպքի վայր եկան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և նախաքննական մարմնի ծառայողները, փորձագիտական խմբեր։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց հետևյալը. ժամը 20-ի սահմաններում բուժօգնության դիմած 29-ամյա տղամարդը և 20-ամյա մի երևանցի Խանջյան փողոցում վիճել էին։ Միջադեպի ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Հոսպիտալացվելուց ժամեր անց նա, գիտակցության չգալով, մահացել էր։
Մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանության ծառայողները 20-ամյա երիտասարդին հայտնաբերեցին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում և ձերբակալեցին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: