Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։